Էկոտուրիզմի փառատոն / Ecotourism Festival
Ի՞նչ է Էկոտուրիզմը
Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների( Օրինակ՝ լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ) և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է:
Ո՞րն է նպատակը
Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Ի՞նչ է նախատեսվում
Ծրագրում նախատեսվում է կազմակերպել հետևյալ միջոցառումները՝
1. Փառատոնի բացման արարողություն, տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես,
2. «Մարզային հեծանվային գավաթ» մրցույթ,
3. Ժայռամագլցման սիրողական մրցույթ և դասընթաց,
4. Էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ,
5. Վրանային ավանի հիմնում, որտեղ երեկոյան կիթառով մենահամերգներով հանդես կգան անհատ կատարողներ,
6. ՀՀ Կարմիր գրքային բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես,
7. Վրանային ճամբարում կրթական դասախոսությունների իրականացում հետևյալ թեմաներով՝
• Առաջին բուժօգնություն,
• Բնության պահպանություն և կենսաբազմազանություն,
• Փոխօգնության սկզբունքները արշավների ընթացքում,
• Անվտանգության ապահովման սկզբունքներ արշավների ընթացքում,
• Արշավային հագուստի ընտրության յուրահատկությունները.
8. Ձիարշավ և քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Սբ. Աստվածածին եկեղեցի և Չումովի (Չմոյի) լիճ:
Կեցություն
Գիշերակաց՝ վրանային ավանում կամ հյուրատներում
Սնունդ՝ տեղական գյուղական սնունդ և արտադրանք
Ո՞րտեղ են գտնվում Գոմք և Մարտիրոս համայնքները
Գոմք և Մարտիրոս գյուղերը գտնվում են Վայոց Ձորի մարզում Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին, Վայքից հարավ արևելք, 14-20 կմ հեռավորության վրա: Համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus), բեզոարյան այծի (Capra aegagrus), Հայկական մուֆլոնի (Ovis orientailis), ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:
Ո՞վքեր են կազմակերպիչները
«Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները: