«Պատանիները և շրջակա միջավայրը»
Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) հայաստանյան կոմիտեն, IBBY Յամադա հիմնադրամի (IBBY Yamada Fund) 2016 թ. դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտարարում է «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով պատանեկան գրականության թարգմանության մրցույթ 20 - 50 տարեկան թարգմանիչների համար:
Մրցույթի շրջանակում նրանք հնարավորություն կստանան մասնակցելու մայիսի 18-20-ը նախատեսվող միջազգային ճանաչում ունեցող թարգմանչի՝ Դանիել Հանի եռօրյա վարպետության դասերին:
Դանիել Հանը մի շարք գիտական աշխատանքների հեղինակ և խմբագիր է, այդ թվում՝ «Մենագերյան աշտարակը» գրքի, մանուկների ու պատանիների համար մի շարք ուղեցույցների և Մանկական գրականության օքսֆորդյան տեղեկագրքի վերահրատարակության: Թարգմանություններ է կատարել պորտուգալերենից, իսպաներենից, ֆրանսերենից. թարգմանել Ժոզե Լուիս Պեյքսոտոյի, Ֆիլիպպե Կլոդելի, Մարիա Դուենյասի, Ժոզե Սարամագոյի, Գոնսալո Մ. Տավարեսի և այլոց ստեղծագործությունները: Թարգմանված գործերից են «Երջանկությունը ձմերուկ է քո գլխին» (Happiness Is a Watermelon on Your Head), արտասահմանյան գրականության անկախ մրցանակի դափնեկիր «Քամելիոնների գիրքը» (The Book of Chameleons):
Ներկայումս Հեղինակների միության (Բրիտանիա) ղեկավարն է և անդամակցում է գրականության և գրագիտության խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդին, նախկինում եղել է Թարգմանիչների ասոցիացիայի (Բրիտանիա) և «Գրական թարգմանության Բրիտանական կենտրոն»-ի ազգային ծրագրերի տնօրեն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ունենան թարգմանչական որոշակի փորձ: Մասնակցության համար հայտատուն իր կենսագրությունը և պորտֆոլիոն պետք է ուղարկի ibbyarmenia@gmail.com էլ. փոստի հասցեին կամ թղթային կրիչով ներկայացնի IBBY հայաստանյան կոմիտե, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 1-ին հարկ):
Ստացված հայտերի հիման վրա ժյուրին կընտրի 15 մասնակցի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ի 16:30-ն է (Հայաստանի ժամանակով):
