«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների
Ընկերնե՛ր,
«Օգնենք Հայ Մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է բոլորիդ հերթական բարեգործական համերգին, որին մասնակցելու է մեր մշտական աջակից «ԲԱՐԴ» ակումբը: Հանդիպում ենք մայիսի 30-ին, ժամը 19:00-ին Հովհ. Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնում:
Ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Կարինայի բուժմանը:
Փոքրիկ Կարինան 1,4 տարեկան է, ծնվել է առանց կերակրափողի: Երեխայի ծնողները մինչև նրա ծնվելը գիտեին այդ խնդրի մասին, գիտակցում էին, որ խնդիրն առանց վիրահատության լուծելն անհնար է, սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, իրենց փոքրիկի կյանքը վտանգի չենթարկեցին: Երեխան երբեք բերանով ոչինչ չի կերել, սնունդը ստանում է ստոմայի միջոցով:
Կարինայի ընտանիքն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, տան միակ եկամուտի աղբյուրը հայրիկի աշխատավարձն է, որով հազիվ են հասցնում երեխայի հատուկ կերերը գնել:
Երևանի բժիշկների խորհրդով երեխային պետք է անհապաղ տեղափոխել Իտալիա` Բամբինո Ջեսու հիվանդանոց (Bambino Gesù Hospital), որտեղ էլ կվիրահատեն մեր Կարինային:
Հիվանդանոցային ծախսերի համար անհրաժեշտ գումարը կազմում է 15000 եվրո, որը չափազանց մեծ գումար է ընտանիքի համար: Նշենք նաև, որ վիրահատությունից հետո փոքրիկը երեք ամիս պետք է մնա իտալացի բժիշկների վերահսկողության ներքո, ինչը նույնպես ծախսատար է:
Ընկերներ, Կարինան մեր բոլորիս աջակցության կարիքն ունի, եկեք օգնենք աղջնակին, օգնենք կառուցել իր առողջ և գունավոր ապագան, թույլ չտանք, որ առողջական խնդիրները փոքրիկի մանկությունից խլեն մանկական ամենագեղեցիկ, ամենալուսավոր պահերը:
Տոմսերի արժեքներն են` 1000, 2000, 3000, 4000, 5000:
Սիրով կսպասենք բոլորիդ:
Հարգանքներով՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ
