Հանդիպում շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանի հետ
Հայաստանի, Շվեյցարիայի և Գերմանիայի միջև արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի շարունակաությունը Հայաստանում մեկնարկեց հուլիսի 5ին շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանի մասնակցությամբ:
«Արվեստագետների կացարան» ծրագրի առաջին մասնակից հայ արվեստագետ Արման Վահանյանի («Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն) գերմանական Ֆրայբուրգ քաղաքում վեցամսյա կեցությունից հետո «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) և Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, Գերմանիա) հետ համագործակցությամբ շարունակում է արվեստագետների փոխանակման միջազգային ծրագիրը։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2016թ․-ի հուլիսի 4ից հյուրընկալում է փոխադարձ այցով Հայաստան ժամանած ծրագրի երկրորդ մասնակից շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանին: Նա ապրում և ստեղծագործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ենթակայությամբ գործող արվեստագետների կացարանում։ Այս ինքնատիպ արվեստի դպրոցի բոլոր արվեստանոցների տարածքային և տեխնիկական հնարավորությունները գտնվում են արվեստագետի տրամադրության տակ:
Սիլաս Հայցմանի հայաստանյան կեցության ավարտին, նոյեմբերի 29ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հայ հանդիսատեսին կներկայացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում շվեցարացի արվեստագետի իրականացրած նախագծի ցուցադրությունը:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2016թ.-ի օգոստոսի 12ին ժամը 17ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը հայ ավեստագետներին և արվեստասեր հասարակայնությանը կներկայացնի իր ստեղծագործական ուղին և կպատասխանի հարցերին:
