Ժամանակակից արվեստ. Ֆեմինիստական հայացք
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում տեղի կունենա ժամանակակից արվեստին նվիրված «Ասիմետրիկ նմանություններ» դասախոսությունների շարքի երկրորդ հանդիպումը` «Ֆեմինիստական հայացք» խորագրով։
Շարքը նվիրված է ժամանակակից արվեստը կերտող ամենանշանակալից արվեստագետներին և արվեստային իրադարձություններին։ Թեմաները ներառելու են այսօրվա արվեստային ամենատարածված և նշանակալից տեսակները և ուղղություները՝ կոնցեպտուալիզմ, մինիմալիզմ, վիդեո-արտ, ռեդիմեյդ, ինստալացիա, փերֆորմանս, հեփենինգ, բոդի-արտ, լենդ-արտ, իվենթներ և այլն։
Դասախոսությունները կվարի արվեստի քննադատ, արվեստագիտության թեկնածու Աննա Գալստյանը։
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ․
- Կանանց արվեստի վերաբացահայտումը․ ֆեմինիստական հայացք
- Մարմնի և ինքնության նույնացման անդրադարձը անցյալի և ժամանակակից արվեստներում
Դասախոսության առաջին մասում կմանրամասնենք այս խնդիրները՝ որպես օրինակ վերցնելով անցյալ ժամանակաշրջանների ամենահայտնի կին նկարչուհիներին՝ Սոֆոնիսբա Անգուսսոլա, Էլիզաբեթ Վիժե-Լեբրեն, Ռոզա Բոնյոր և Բերտա Մորիզո։ Կխոսվի այն մասին, թե ինչ իրական պայմանների հետ են բախվել արվեստով զբաղվել ցանկացող կանայք, ինչ արգելքներ և խոչընդոտներ են հետապնդել նրանց։ Բացահայտելով «այլ», կանացի արվեստի յուրահատկությունները՝ պարզվում է, որ այն պակաս էական չի եղել, քան «տղամարդկային» արվեստը։
Դասախոսության երկրորդ մասում արդեն կանդրադառնանք ժամանակակից արվեստի երեք ամենաազդեցիկ կին արվեստագետներին․
Յոկո Օնոն քաղաքական արվեստի վառ ներկայացուցիչ է և մշակույթի մեջ քաղաքական ակտիվիզմի խորհրդանիշն է։
Շատերի համոզմամբ նրանից է սկսվում կոնցեպտուալիզմը, Ֆլուքսուս արվեստի հոսանքը և փերֆորմանսը որպես մարմնի արվեստ։
Մյուս արվեստագետը Սինդի Շերմանն է։ Նա նկարիչ է, ով օգտագործում է ֆոտոն որպես արտահայտման միջոց։ Սինդին ինքն է իր աշխատանքների մոդելը, որոնք, նրա մոտեցման հետևանքով, դառնում են հակադիմանկարներ։ Դրանք ունեն հազար դեմք և ոչ մեկ իրականում չի համապատասխանում հեղինակին, քանզի ինքնությունը հավաքված է տարբեր մասերից․ մեկ կինոյից, մեկ զանգվածային մշակույթից, մեկ պոռնոգրաֆիայից, որոնք բոլորն էլ էգոյի աղբյուրներն են։
Վերջին ներկայացուցիչը Լուիզ Բուրժուան է, այս եռյակի միակ քանդակագործը իր ավանդական իմաստով։ Նա ընտրեց քանդակի բնագավառը, քանի որ այն ավելի իրական էր թվում, ավելի շոշափելի էր , գերիրական, սյուրռեալ։ Այս հատկանիշները թերևս ամենաակնհայտ ձևով շեշտում էին նրա մանկական և պատանեկան վախերն ու փորձությունները։ Նրա թեմաները առնչվում են ընտանիք, մարմին, սեռականություն, մահ, ենթագիտակցություն հասկացությունների հետ, որոնք կապում են Բուրժուայի աշխատանքները սյուրռեալիզմի և ֆեմինիստական արվեստի հետ։
Մասնակցության արժեքը՝ 1800 դրամ: