Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես
2016 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916թ. Վրաստանում` մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում:
Նկարչուհու 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավներ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարչուհին վրձնել է շուրջ 300 գործ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:
2016թ. լրանում է Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը / մահացել է 1964 թ. / և այսօր մայր թանգարանի և ընտանիքի համագործակցության շնորհիվ հայ արվեստասեր հանրությանը ներկայացվում է Ա. Նալբանդյանի շուրջ 65 աշխատանքներ: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք:
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը: