Երեխաները, աստղերն ու չրերը
ՏաՏան շարունակում է հանգստյան օրերի միջոցառումների շարքը, որոնք նպատակ ունեն ավելի հետաքրքիր եւ օգտակար դարձնել երեխաների ազատ ժամանակը: Այս անգամ որոշել ենք աստղեր տեսնել ու համեղ չրեր փորձել: Հետաքրքրասեր երեխաներին եւ իրենց ծնողներին առաջարկում ենք միանալ եւ միասին մեկնել Բյուրական՝ աստղեր դիտելու եւ համեղ չրերի պատրաստման մանրամասներին ծանոթանալու:
Այս ճանփորդությունը սովորականներից չէ, քանի որ աստղեր տեսնելու համար երեկոյան պիտի ճանապարհ ընկնենք: Մինչեւ մութն ընկնելը կայցելենք Բյուրականի Չրերի տուն, որի հիմնադիրները մեր լավ ընկերներն են եւ պատրաստ են երեխաներին պատմել, թե ինչպես են թարմ մրգերն ի վերջո վերածվում համեղ չրերի, նաեւ հյուրասիրել հենց տեղում պատրաստվող առանց շաքարի բնական չրեր:
Քաղցր հանդիպումը կշարունակվի տիեզերքն ամենալավը ճանաչող մարդկանց միջավայրում՝ Բյուրականի աստղադիտարանում, որտեղ ոչ միայն կդիտենք աստղերը, այլ նաեւ կիմանանք դրանց վերաբերող շատ կարեւոր տեղեկություններ: Մասնակիցներին նույնպես խորհուրդ ենք տալիս վերհիշել աստղերի մասին իրենց իմացածը, որպեսզի կիսեն բոլորիս հետ:
Մասնակցությունը` 4 տարեկան եւ բարձր երեխաների համար իրենց մայրիկների հետ (գուցե նաեւ տատիկների, հոր-/մորաքույրների կամ մեծ քույրիկների :))
Մասնակցության արժեքը.
- յուրաքանչյուր մեծահասակի կամ երեխայի համար՝ 5000դրամ,
- 4-6 տարեկան երեխայի համար` 3000 դրամ, եթե պատրաստ է ավտոբուսում իր տեղը կիսել մեկ այլ փոքրիկի հետ:
Արժեքը ներառում է ճանապարհածախսը, աստղադիտարան մուտքի արժեքը, ինչպես նաեւ երեխաների արդյունավետ ժամանցը, քանի որ ՏաՏայի մասնագետներն իրենց խաղերով ավելի ուրախ կդարձնեն ճամփորդությունը:
Ճամփորդության մեկնարկը նախատեսված է շաբաթ՝ նոյեմբերի 12-ին, ժամը՝ 17:30-ին, իսկ վերադարձը՝ մինչեւ 21:30:
