Որ չկորչեն անհետ…
Հունիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը հանդես կգա բացառիկ միջոցառմամբ՝ հանրության ուշադրությանը ներկայացնելով «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» վավերագրական ֆիլմը:
Նոր վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակին անդրադարձած Ամերիկայի հերոսական արձագանքի մասին է, որը նոր լույսի ներքո է դիտարկում պատմական իրադարձությունները։
2017թ. ապրիլի 8-ին Նյու Յորքի «Թայմզ» կենտրոնում Մերձավոր Արևելքի հիմնադրամն առաջին անգամ ներկայացրեց «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը:
Ֆիլմը նկարահանվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջորջ Բիլարդի կողմից. այն պատմում է հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ընթացքում «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարևոր դերակատարման մասին, երբ բազմաթիվ ամերիկացիներ օգնություն ցուցաբերեցին ծայրահեղ տանջալից պայմաններում գտնվող միլիոնավոր հայ, հույն և ասորի փախստականներին:
Ամերիկյան ժողովրդի ցուցաբերած հսկայական ջանքերի շնորհիվ որբերի և փախստականների մի ամբողջ սերունդ կարողացավ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո ոտքի կանգնել և առաջ գնալ։
Մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմը ներկայացնում է անհատների պատմություններ, ովքեր ականատես են եղել Հայոց ցեղասպանությանը։
Դեսպան Հենրի Մորգենթաուի զեկույցները և օտարազգի այլ ականատեսների վկայությունները նպաստել են Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի ստեղծմանը, որի ծավալած գործունեությունը ոչ միայն փրկել է հայերին սովից և մահից, այլև կրթություն և բժշկական օգնություն է ցուցաբերել նրանց:
Ֆիլմի պատմիչն է կանադացի դերասան Վիկտոր Գարբերը:
Ֆիլմում համատեղ ներկայացված են պատմական կադրեր և արխիվային լուսանկարներ, ինչպես նաև հարցազրույցներ, որոնք վերցվել են Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրած մասնագետներից, հայտնի գիտնականներից, ինչպիսիք են՝ Թաներ Աքչամը, Պիտեր Բալաքյանը, Սյուզան Հարփերը, Ջոն Կուպերը, Մարտին Դերանյանը և Քեյթ Դեյվիդ Վոթենփաուն:
Ամերիկյան պաշտոնյաների, նպաստամատույցի աշխատողների և որբերի նամակները կարդում են հանրաճանաչ դերասաններ Մայքլ Արոնովը, Քեթլին Չալֆանտը, Դարյուշ Քաշանին, Անդրեա Մարտինը, Ռոն Ռիֆկինը, Թոնի Շալհուբը և Կարա Վեդերը, ովքեր հանդիսատեսին մտովի տեղափոխում են դաժանության ապրումներից մինչև գոյատևման և բարի կամքի հաղթանակներ:
Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը, ներշնչված ցեղասպանության ժամանակ իր տատիկի և պապիկի փախուստի ու գոյատևման պատմությամբ, նշում է, որ այս ֆիլմը ստեղծել է, ոչ թե պարզապես հիշելու նրանց, ում կորցրել է Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ լույս սփռելու ամերիկյան պատմության կարևոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով 132.000 որբերի կյանք:
Այս պատմական փրկարար ջանքերը հիմք հանդիսացան այն կառույցի ձևավորմանը, որն այսօր հայտնի է որպես Մերձավոր Արևելքի հիմնադրամ անվամբ:
Այն գործը, որ Մերձավոր Արևելքի հիմնադրամը սկսել էր ավելի քան մեկ դար առաջ, շարունակում է արտացոլվել նրա աշխատանքում. այսօր հիմնադրամի ծավալած գործունեությունն նույնպես ուղղված է բարելավելու Հորդանանում և Լիբանանում ապրող սիրիացի և իրաքցի փախստականների կյանքը:
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ:
Ֆիլմը Հայաստանում հայերեն թարգմանությամբ ներկայացվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։
Նշենք, որ 2013 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
«Նարեկացի» արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով առաջին անգամ ներկայացվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թթ.-ին ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուն:
Արխիվային լուսանկարները ցուցադրվել են նաև «Նարեկացի» արվեստի միությունում և Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որից հետո միությունը ցուցադրված լուսանկարները նվիրել է մանկատանը:
Մուտքն ազատ է:
