Դաշնամուրային մենահամերգ ՆԱՄ-ում | Գարի Քյոսայան
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի դաշնամուրային մենահամերգը:
Միջոցառման ընթացքում կհնչեն Գարի Քյոսայանի նոր ստեղծագործություններից՝ «Ծիր կաթին», «Մայրություն», «Նարեկ», «Զեփյուռ», «Առավոտ», «Մարիային նվիրված վալսը» և այլն, իսկ զուգերգով հանդես կգա Ալլա Սահակյանը։
Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:
Նա հանդիսանում է Հայաստանում առաջին ջազ տրիոյի հիմնադիրը:
1988-2013 թթ. երաժիշտը ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում՝ այդ տարիներին ղեկավարելով մի շարք հայտնի ջազային ակումբներ:
1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Գարի Քյոսայանի «For you» ձայներիզի շնորհանդեսը, որը 1998 թվականին «Armenian Music Awards» ազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ջազ ալբոմ» , իսկ Քյոսայանը՝ «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակին:
Գարի Քյոսայանը ձայնագրել է մի շարք ալբոմներ, համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում:
Հանդիսանում է «Լռություն սիմֆոնիա», «Արահետ», «Ձայն լռության» ֆիլմերի երաժշտությունների հեղինակը:
2010 թ. գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը:
Մուտքն ազատ է: