Արվեստանոց | Workshop
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում է 6-ից 14 տարեկան երեխաներին և պատանիներին՝ վայելելու բարեկենդանյան ուրախ մթնոլորտ՝ համեմված Բարեկենդանին հատուկ զվարճախաղերով, երգ ու պարով, թատերական ներկայացումով, որը կապահովի Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը:
Ամբողջ երեկոյի ընթացքում հյուրերը տոնի անմիջական մասնակիցը կլինեն:
Բարեկենդանի տոնին մասնակցելու առաջին պայմանը կերպարանափոխվելն է, դիմակ կրելը։
Սպասում ենք բոլորին: Մուտքը` միայն դիմակներով...
Բարեկենդանը սիրված, սպասված խրախճանքի ու զվարճանքի տոն է` առատ տարբեր տեսակի ուտեստներով ու խմիչքով, զվարճախաղերով, երգ ու պարով, թատերական ներկայացումներով, ծաղրի հասնող կատակներով:
ժողովրդական ամենաերջանկաբեր այս տոնը հայ ժողովրդի կողմից ընկալվում է որպես ամենաազգային տոն և հաճախ կոչվում է նաև Հայոց ազգի օրեր. «Եկան հայոց ազգին օրերը, հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը»:
Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պասն ընկած ժամանակաշրջանում (ընդհանուր առմամբ՝ 2 շաբաթ), իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող շաբաթ և կիրակի օրերին է:
Բարեկենդանը խորհրդանշում է բնության զարթոնքը և գարնան, նոր կյանքի սկիզբը:
«Բարեկենդան» բառը հավանաբար առաջացել է «բարի կենդանություն» բառակապակցությունից:
