Մշակութային Համաժողովի նախապատրաստում
Հայաստանում Թավշյա հեղափոխության ստեղծած իրողությունները մեզ՝ քաղաքացիներիս հնարավորություն են ընձեռում վերձեւավորել եւ առաջարկել Հայաստանում մշակութային նոր քաղաքականության համապարփակ ծրագիր։ Ուստի մենք ցանկանում ենք հանդես գալ մշակութային համաժողով նախապատրաստելու և անցկացնելու նախաձեռնությամբ։
Մշակութային համաժողովի կազմակերպչական խումբ ձեւավորելու այս հրավերը տարածելով՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի վարչական խորհրդի անդամներս՝ Ռուբեն Արևշատյան, Նորա Գալֆայան, Աննա Գարգարյան, Անուշ Զեյնալյան, Նազարեթ Կարոյան, ակնկալում ենք, որ բոլոր կազմակերպությունները, խմբերը, անհատներն ու կոլեկտիվները, որոնք կարող են ներդրում ունենալ համաժողովի կազմակերպման գործում, կարձագանքեն մինչեւ մայիսի 28-ը :
Համաժողովի նախապատրաստական աշխատանքների համար մենք բոլորս կարող ենք ներդնել մեր մասնագիտական կարողություններն ու ժամանակը, սակայն քաղաքացիական այս նախաձեռնությունը եւ սպասվող համաժողովը որեւէ ֆինանսավորում չունի: Յուրաքանչյուր մշակութային/արվեստի կառույց ու մշակույթի ռազմավարական փոփոխություններով մտահոգ անհատ կարող է իր կարողությունների սահմանում աջակցել համաժողովին:
Մշակութային համաժողովի օրակարգում Հայաստանի մշակութային ռազմավարությունը ձեւավորող քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ բաղադրիչների ներկայացմամբ համապարփակ ծրագրի ստեղծումն է։ Համաժողովին անմիջականորեն կարող են մասնակցել արդեն իսկ մշակված ծրագրեր ունեցող ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հաստատություններն ու կազմակերպությունները, անհատ գործարարները, քաղաքական ու մշակութային գործիչները, օրենսդիրները, ամենատարբեր ոլորտների փորձագետները:
Համաժողովի կազմակերպչական խումբը կձեւավորվի մայիսի 28-ին: Խմբի ձեւավորումից հետո կտարածվի նաեւ համաժողովում քննարկվող հարցերի հղացական շրջանակը եւ ժամանակացույցը: