«Աննա Բոլեյն» օպերա-ֆիլմ. դիտում-քննարկում
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, #LOFT-ում կայանալու է Դոնիցետտի «Աննա Բոլեյն» օպերայի կինոդիտում-քննարկումը։
«Աննա Բոլեյն» (Anna Bolena) օպերան կամ «լիրիկական ողբերգությունը» իտալացի նշանավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի (1797-1848) լավագույն ստեղծագործություններից մեկն է, «բելկանտո» ոճի օպերայի գլուխգործոց։
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է Անգլիայի թագավոր Հենրի VIII (1491 - 1547) երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի կյանքի վերջին օրերի` ամուսնական անհավատարմության մեջ մեղադրվելու, դատավարության և կառափնարան ուղարկվելու պատմությունը։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1830 թ. դեկտեմբերի 26-ին Միլանի «Կարկանո» թատրոնում` մեծ ոգևորությամբ ընդունվելով հանդիսատեսի կողմից։
«Աննա Բոլեյնը» աչքի է ընկնում հետաքրքիր սյուժեով, դրամատիկ շրջադարձներով լեցուն մասշտաբային տեսարաններով, «բելկանտո» ոճի օպերաներին հատուկ երաժշտության գեղեցկությամբ։
Դիտելու ենք «Աննա Բոլեյն» օպերայի լավագույն բեմականացումներից մեկը՝ Վիեննայի պետական օպերային թատրոնի 2011 թ.-ի ներկայացումը։
Գլխավոր հերոսուհու` Աննա Բոլեյնի դերերգը կատարում է հայտնի սոպրանո Աննա Նետրեբկոն։ Այլ դերերում` մեցցո–սոպրանո Էլինա Գարանչա (Ջեյն Սեյմուր), բաս Իլդեբրանդո Դ՛Արկանջելո (Հենրի VIII), տենոր Ֆրանչեսկո Մելի (լորդ Ռիչարդ Պերսի)։ Դիրիժոր` Էվելինո Պիդո: Բեմադրիչ` Էրիկ Ջենովեզե։
Օպերան ներկայացվելու է անգլերեն կամ ռուսերեն ենթագրերով (ըստ ցանկության)։
Մուտքավճար՝ 1000 դրամ:
