«Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում» երկրորդ միջազգային ֆոլկլորային փառատոն
«Ավանդական Տոների Վերածնունդ» ՀԿ-ն և "Armenian National Music" - ը ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 7-12-ը կազմակերպում են «Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում» երկրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը:
«Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում» ծրագիրն ուղղված է տարածաշրջանի ճանաչմանն ու զարգացմանը, խաղաղության պահպանմանը, ինչպես նաև Հայաստանի ինտեգրմանը Եվրոպական Միությանը:
Մշակութային երկխոսությունների միջոցով, աշխարհին ճանաչելի դարձնել հայ ժողովրդական մշակութային ժառանգությունը և այդպիսով աջակցել տարածաշրջանի զարգացմանը:
Փառատոնի ընթացքում, գյուղերում կազմակերպել ժողովրդական տոներ, ինչը կնպաստի մշակութային երկխոսությունների ծրագրերի և տեղական ֆոլկլորային խմբերի զարգացմանը, համայնքի հետ կապի ամրապնդմանը:
Նախատեսվում է 2013թ. սեպտեմբերի 7-12 կազմակերպել «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» Ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներից՝ Չեխիայից, Իտալիայից, Լիտվայից: Մասնակցության հայտ են ներկայացրել նաև խմբեր Վրաստանից և Պարսկաստանից: Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Սարդարապատում, Կարբիում, Աշտարակում, Ամբերդում, Ուջանում, Սևանում, Գավառում և այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ «Խաղաղության Մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:
Մասնակցության համար դիմել են նաև խմբեր Ռուսաստանից, Վրաստանից և Պարսկաստանից: Նրանց մասնակցությունը պայմանավորված կլինի մեր ֆինանսական հնարավորություններով:
Հայաստանն իր աշխարհա-քաղաքական դիրքի և հազարամյա պատմության շնորհիվ ունի հարուստ ավանդական մշակույթ, որտեղ ամեն մի ազգ գտնում է իրեն համար հոգեհարազատ որևէ տարր: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան համեմատելու իրենց ավանդական մշակույթն ու հայկականը, ինչը կնպաստի ժողովուրդների մերձեցմանը:
Փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերին, իսկ հետագայում` մշակութային փոխանակությունների շրջանակներում հայաստանյան խմբերը ելույթներ կունենան համագործակից երկրների նմանատիպ փառատոններում: Ծրագրերը բազմաժանր են և ընդգրկում են ժողովրդական մշակույթի տարբեր ոլորտներ, ինչը կնպաստի արվեստների և արհեստների զարգացմանը` երգ, պար, տարազ, գինեգործություն, գորգագործություն, խոհանոց և այլն:
«Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում» մշակութային փոխանակության ծրագիրը, որի հիմնական կետն է այս փառատոնը, լայն հնարավորություն կտա մեր երկրի ժողովրդական մշակույթի զարգացման համար:
Ծրագրի իրականացումը կաջակցի
• ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը
• գյուղական համայնքների մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացմանը
• երիտասարդության բարեկամությանն ու համագործակցությանը
• Հայաստանի ճանաչմանը արտերկրում
• տարածաշրջանի բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ու խաղաղության ապահովմանը: