Էլվիրա Ուզունյան
Անավարտ երկխոսություն
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 25-ին` ժամը 19:00, տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա ՈՒզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն: Ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները:
Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում կներկայանա ինքնատիպ ստեղծագործական երեկոյով, կթերթվեն Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը:
Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թ. Թբիլիսիում: Մասնագիտական կրթություն ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում: 1962 թվականից, որպես մեներգչուհի, հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Է. Ուզունյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Վերջին տարիներին արտիստուհին բնակվում է ԱՄՆ-ում:
Տասնամյակներ շարունակ է. Ուզունյանը մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հանդես է եկել սիմֆոնիկ հանրահայտ նվագախմբերի հետ, ակտիվորեն համագործակցել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կոմպոզիտորների հետ` դառնալով նրանց շատ գործերի առաջին կատարողը:
