Հասմիկ Հոխանյան, «Ժամանակի Նկարչություն»
Հոկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ին ԷՕՆում տեղի կունենա Հասմիկ Հոխանյանի «Ժամանակի նկարչությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Հասմիկը նկարչական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, 2003 թվականից սկսած մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Ստացած գիտելիքներն ու նկարչական փորձը Հասմիկը կիսում է տարբեր մարդկանց հետ, որոնց համար երազանք է դարձել նկարել սովորելը: «Ես Կարող եմ. նկարչություն մեծերի համար» նախաձեռնության շնորհիվ շատ մեծեր Հասմիկի օգնությամբ կարողացան իրագործել նկարելու իրենց երազանքը: Ստուդիայի գործունեության շրջանակներում Հասմիկը նաև փորձում է հասարակությանը ներկայացնել տարբեր արվետագետների` կամուրջ ստեղծելով նրանց միջև: Հասմիկի ստեղծագործությունները լի են օդով, կա շնչելու ընդարձակ տարածք: Կլանիչ է Հասմիկի գունային քսվածքը. նա կարողացել է ուղղորդել ջրաներկի հատկությունները դեպի ձևի ու բովանդակության ստեղծմանը, որոնք Հասմիկի մոտ միահյուսված են. ձևը ինքնին բովանդակային է: Հորինվածքի մեջ կա շատ նուրբ տարանջատում կարծր ու փափուկ ֆորմաների միջև, որոնք ամբողջական են դարձնում նկարի մակերեսը: Նկարի հարթությունը շեշտադրվում է, քանի որ գունային շերտը կարծես թե թափվում է մակերեսի միջից, և, հետևաբար, երկրորդ` ծորացող շերտ ստեղծելով` աշխատանքը դիտողին ակամայից հիշեցնում է նկարչության հարթայնության մասին:
