European literature night 2014
Այս տարի` մայիսի 14-ին, դերասան Արսեն Գրիգորյանը մետրոպոլիտենի չորս կայարանում կընթերցի հատվածներ Միացյալ Թագավորության գրականությունից: Ընթերցումները կմեկնարկեն ժամը 13.00-ին Բարեկամություն կայարանից, ուր Արսեն Գրիգորյանը կընթերցի հատվածներ Ալիսոն Լյուիս Քենեդիի «Անջնջելի արարքներ» պատմվածքների ժողովածուից (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ): Իսկ ժամը 14.00-ին արդեն Երիտասարդական կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսը (Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ): Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 15.00-ին Արսեն Գրիգորյանը կներկայացնի Ռասել Սելին Ջոնսի «Կործանման եզրին» ստեղծագործությունը (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ): Ժամը 16.00-ին Զորավար Անդրանիկ կայարանում դերասանը կընթերցի Դեբորա Քեյ Դևիսի «Ինչպիսին, որ կամ» (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ): Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ընթերցանությանը զուգահեռ հնչելու է Արման Ամպի հենց այս միջոցառման համար գրված ստեղծագործությունները: Իր երաժշտությունը ստեղծելիս նա օգտագործում է բնության ձայները՝ քամու, ծովի, կաթիլների հնչյուններ` ստանալով հետաքրքրական երանգավորում: Իսկ ժամը 17.00-ին անգլիական գրականության սիրահարները կարող են այցելել Հյուսիսային պողոտա: Այստեղ, ինչպես Բրիտանիայում, ժամը հինգին կմատուցվի թեյ, որին զուգահեռ Հայ գրականության հիմնադրամի ներկայացուցիչները կընթերցեն անգլիացի գրողների ստեղծագործությունները:
Երեկոյան` ժամը 20.00-ին, ԱրտԲրիջ սրճարանում Շեքսպիրի պիեսներից հատվածներ հայերեն թարգմանությամբ կընթերցի Ջոնաթան Էյվսը: