Ոսկե Ծիրան: Քարե գետը
Ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին օվկիանոսը կտրած, Վերմոնթ ամերիկյան նահանգի Բարի քաղաքում հաստատված և այնտեղ գրանիտի ամենամեծ հանքը բացած եվրոպացի քարագործների ճակատագրի մասին: Մի քանի տարվա ընթացքում նրանց մեծ մասը վախճանվեցին սիլիկոզից: 30-ականների վերջին Ռուզվելթի վարչակազմի կողմից ուղարկված մի քանի գրողներ Բարիի բնակիչներից հարցազրույցներ են վերցրել` Մեծ լճացման շրջանում Ամերիկայի պատկերը ներկայացնելու համար: Բարիի այսօրվա բնակիչները համաձայնել են ֆիլմի համար կարդալ այդ հարցազրույցների տեքստերը, որ իրենց նախնիները տվել են 30-ականներին: Այդ մարդկանց ձայնի միջոցով անցյալի և ներկայի մի խռովալի համակցություն ստեղծելով՝ ֆիլմը վերակենդանացնում է սոցիալական բախումների, հիվանդությունների ու մահերի, անարխիստական ուտոպիայի, ողբերգության և հույսի նրանց պատմությունները: Գրավիչ պատկերային ոճով ու նորարարական պատումով աչքի ընկնող ֆիլմը ներկայացնում է քարի հետ անվերջանալի տիտանական կռիվ տվող տարագիրների մի ամբողջ համայնքի ողբերգական էպոսը: