Ի զե՛ն
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝
Արա Երնջակյան
Դերերում՝
Լուիզա Ներսիսյան,
Քեթրին Մանասյան,
Հասմիկ Դանիելյան,
Մխիթար Ավետիսյան,
Ռաֆայել Երանոսյան,
Անդրանիկ Հարությունյան,
Արսեն Գրիգորյան,
Մանուկ Հախվերդյան,
Սենիկ Բարսեղյան
Ներկայացումը ներկա ժամանակի արտացոլումն է։ Ներկա իրականության, այն իրականության, որը բնորոշ է ոչ միայն հայ ազգին, այլ նաև այն երկրներին, որոնք կամա , թե ակամա ներքաշվում են գերտերությունների քաղաքատնտեսական ծրագրերի մեջ։ Ծրագրեր, որոնք ազդում են երկրի անձնական կյանքի, ավանդույթների, տնտեսության և, ընդհանրապես, գոյատևման վրա։
Ներկայացման հերոսները ելք են փնտրում ստեղծված իրավիճակից, ստիպված փորձում են գնալ և գոյատևել այնտեղ, որտեղ իրենց կածիքով կարելի է լինել ապահով, այնտեղ, որտեղ կարելի է ապրել, ստեղծագործել, աշխատել ու արարել։ Լինի դա՝ Տիեզերքում, Երկրի վրա, ջրի տակ, թե՝ լեռներում։ Հերոսները խոսում են, մտածում, վիճում, ծրագրում, իսկ գերտերությունների ներկայացուցիչները գոռում են, մատ թափ տալիս և կայացնում անհասկանալի որոշումներ, որոնք տվյալ ժողովրդի համար անընդունելի են և անհասկանալի։
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հերոսներից մեկը պատին գրում է «Ելք չկա՛», որովհետև, կարծես թե, կորած են կամ մոռացված բոլոր այն արժեքները, այն անունները, որոնք դարեր շարունակ որպես վառ օրինակ ծառայել են իրենց ժողովրդին։ Ժողովուրդ, որը գոյատևել է վաղնջական դարերից և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ խաղաղ ապրելով աշխարհի բոլոր ժողովուրդների հետ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում և հարգում են դիմացինի իրավունքները, ավանդույթները, նիստ ու կացը և ուժը։ Այն ուժը, որն ունի ամեն ազգ, ամեն երկիր, ամեն ժողովուրդ - «Ի զե՛ն», այսինքն՝ մշակույթ, լեզու, մտածելակերպ՝ հանուն խաղաղ, ստեղծագործ ապրելակերպի։
Տոմսերի արժեքը` 1000-5000 դր.